ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահի` Սահմանադրությամբ օժտված կարգավիճակը շատ յուրահատուկ է, և նա պարտավոր է իշխանության տարբեր թևերի միջև հավասարակշռություն պահել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը:
«Այն, ինչ ամրագրված է Սահմանադրությամբ, այդ շրջանակով առաջնորդվելու դեպքում հանրապետության նախագահը կկատարի իր պարտավորությունները, բացի այդ, ինքը կլինի նաև արդյունավետ ընդհանուր պետական կառավարման համակարգի մեջ։ Նախագահն իր աշխատանքներն իրականացնելիս պետք է ոչ թե որևէ մեկի կողմում կանգնի, այլ գտնի այն լուծումը, որը տարբեր իրավիճակներում երկրում ցնցումներ չի առաջացնի։ Սա շատ կարևոր խնդիր է, որ պետք է լուծի այսօրվա նախագահը»,-ասաց Խաչատուրյանը։
Նրա խոսքով` սխալ մոտեցում է նախագահական ինստիտուտին վերագրել, թե պետք է քաղաքական ուժի որևէ պատվերը կատարի։ Այսինքն` նախագահական ինստիտուտը պետք է փորձի բոլորի տեսակետների համախմբողը կամ ընդհանուր կարծիք արտահայտողը լինի։
Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:
Հաջորդ օրը ԱԺ–ն հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին։