Հիվանդանոցների մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են. Ավանեսյանը` «Օմիկրոնի» մասին

Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ «Օմիկրոնը» գրիպի և հարբուխի հետ շփոթեցնող ախտանշաններ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. «Օմիկրոնով» հաճախ հիվանդանում են նաև երեխաները, և հայաստանյան մանկական բժշկական կենտրոնները լարված ռեժիմով են աշխատում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հիվանդանոցների մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են, և շատ դեպքերում, երբ այլ խնդրով են դիմում հիվանդանոց, տեղում թեստավորում են, և «Օմիկրոն» է հայտնաբերվում»,–նշեց նա։

Ավանեսյանի խոսքով` «Օմիկրոնի» ախտանշաններն ավելի շատ նման են հարբուխի ախտանշաններին` հազ, փռշտոց, ջերմության բարձրացում` այն գրիպի և հարբուխի հետ շփոթեցնող նշաններ ունի։
ՀՀ–ում սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների 89.6%–ը երեխաներ են. համաճարակաբան
Նախարարը նշեց` եթե հիվանդացության նույն թվերն ունենայինք «Դելտա» շտամի պարագայում, ապա հոսպիտալացման աստիճանն ավելի մեծ կլիներ։ Այսօր մահճակալային ֆոնդն ամբողջությամբ ծավալված չէ։
Ավանեսյանը հայտնեց` կորոնավիրուսով հիվանդների 80 տոկոսը հենց «Օմիկրոնով» է վարակված, Covid-19–ի հետևանքով մահացածների թվում նույնպես եղել են այս շտամով վարակվածներ։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4388-ով և դարձել 379 266: