ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Օլիմպիադային մասնակցելու համար Պեկին մեկնած Հայաստանի դահուկավազքի մեր թիմում ամենաբարձր արդյունքներն ունի Միքայել Միքայելյանը։ Բայց եթե հիմա նայենք աշխարհի առաջնության ու գավաթի մրցաշարերին, կտեսնենք, որ առաջին տասնյակում հիմնականում նորվեգացի ու ռուս դահուկորդներ են։ Այսինքն` խոսել նույնիսկ առաջին տասնյակի մասին, մենք չենք կարող։ 2022թ–ի ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը օլիմպիական խաղերին մասնակցում են երկրորդ անգամ և արդեն փորձ կուտակել են։ «Նրանք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի իրենց արդյունքները բարելավեն»,–ասաց ֆեդերացիայի նախագահը։
Նշենք, որ Հայաստանը Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից: Դահուկավազքի մրցումներին կմասնակցեն Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, իսկ լեռնադահուկվազքի մրցումներում հանդես կգա Հարություն Հարությունյանը: Հայաստանից Պեկինում կլինի նաև Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան պարային զույգը` գեղասահքում:
2018–ի համեմատ այս խաղերում մենք մի դահուկորդ ավել ունենք։ Սարգսյանն ասում է, որ փոխվել են ազգային ֆեդերացիաներին տրվելիք մրցումային տեղերը։ Միավորների հաշվարկը` նույնպես, և Հայաստանը 68 երկրների մեջ զբաղեցրել է 31-րդ տեղը։
«Եթե մենք մեկ աստիճանով բարձր լինեինք, կստանայինք, ոչ թե լրացուցիչ տեղ կանանց մրցումների համար, այլ տղամարդկանց։ Ցանկալի էր, որ տղամարդկանց համար ստանայինք, քանի որ վարկանիշով ամենաբարձրն էր Թադևոս Պողոսյանը։ Պարզապես դահուկավազքի միջազգային ֆեդերացիան փոխել է նաև մասնակցության համար կանոնակարգը, և օլիմպիական խաղերում տղամարդկանց և կանանց մրցումներին մասնակցելու են հավասար թվով՝ 148 դահուկորդներ»,–ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով Հայաստանում դահուկային սպորտը զարգացնելու հեռանկարին` ֆեդերացիայի նախագահը նշեց, որ խոստացել են` այս տարի դահուկային բում է լինելու Հայաստանում, և գնում են այդ ճանապարհով։
«Բացի տարբեր կարգի համաշխարհային մրցումներից ու հավաքներից, չկա գեթ մեկ շաբաթ, որ մենք միջոցառում չունենանք։ Փոխվել է ֆեդերացիայի ամբողջ կազմը, և այդ երիտասարդ թիմով մենք ամեն ինչ անում ենք զարգացում ունենալու համար։ Մեր մարզիչ-մասնագետներին փորձում ենք նաև կրթություն ու փորձ ապահովել արտասահմանյան տարբեր երկրներում։ Բայց մեզ հարկավոր է պետական հոգացություն»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` Հայաստան ժամանող աշխարհահռչակ մասնագետները, տեսնելով մեր հնարավորությունները, ասում են, որ մենք կարող ենք դառնալ դահուկավազքում և լեռնադահուկային սպորտում առաջար երկիր։
«Հայաստանյան այն վայրերում, որտեղ հնարավոր է դահուկային սպորտի զարգացումը, պետք է դահուկային սպորտը դառնա առաջնային հոգացության առարկա պետության կողմից։ Մենք իրոք կարող ենք հասնել բարձր արդյունքների»,–վստահեցրեց ֆեդերացիայի նախագահը։
Գագիկ Սարգսյանն ընդգծեց, որ դահուկային մարզաձևերի զարգացումը Հայաստանում կբերի նաև ձմեռային տուրիզմի զարգացման։ Իսկ դա մեր երկիրը կդարձնի տուրիստական հետաքրքրության պետություն ամբողջ տարվա համար։ Բայց դրան հասնելու համար ահռելի ծավալի աշխատանք և պետական աջակցություն է հարկավոր։