ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) այսօր ստացել է ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի դիմումը՝ ՀԱԿ անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով։ Տեղեկությունը հայտնում է ilur.am–ը։
«Հայ ազգային կոնգրեսը բավարարել է դիմումատուի խնդրանքը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Խաչատուրյանն ավելի վաղ ասել էր, որ մինչ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելը կդադարեցնի իր անդամակցությունը ՀԱԿ–ին։ «2017թ–ի ընտրություններից հետո ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Ես համարում եմ ինձ անկուսակցական, որովհետև ես ինքս իմ մեջ այդ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ։ Այստեղ մի խնդիր կա, որ ես կճշտեմ` ֆորմալ առումով դիմում լինելու կամ չլինելու հանգամանքն է, որ հիմա ճշտվում է»,– նշել էր նա։
Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Փետրվարի 1-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:
Հաջորդ օրը ԱԺ–ն հայտնեց, որ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: 2006թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին։
ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: