ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Երևանում` Թբիլիսյան խճուղու հարակից տարածքում, մի խումբ պատանիների վիճաբանությունն ավարտել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկ`փետրվարի 2-ին։
Ըստ հաղորդագրության` ժամը 14.55-ին, ոստիկանության Արաբկիրի բաժինը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի պատանի։ Րոպեներ անց ոստիկանները ևս մեկ ահազանգ են ստացել, որ «կրծքավանդակի աջ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մեկ այլ պատանի։
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 13.40-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու հարակից տարածքում մի խումբ պատանիների մասնակցությամբ վիճաբանություն է եղել։ Ծեծկռտուքի ընթացքում 15-ամյա պատանին դանակով հարվածել է տուժածներին: Վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանք բերվել են ոստիկանություն։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է։