Բորիս Բախշիյանի պաշտպանները ինքնաբացարկ են հայտնել դատավոր Դավիթ Արղամանյանին

Երեմ Սարգսյան. Արխիվային լուսանկար
Պաշտպանների մոտ կասկածներ կան, որ դատավորը ոչ պատահական սկզբունքով է ընտրվել, քանի որ ակնհայտ է, որ նա կբավարարի Բախշիյանի հանդեպ կալանքի միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Երևանի առաջին ատյանի դատարանում վաղը կշարունակվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարցի քննարկումը։ Մոտ երեք ժամ տևած դատական նիստն ավարտվեց, դատավոր Դավիթ Արղամանյանը հեռացավ քննարկելու իրեն հայտնած ինքնաբացարկը, ինչի մասին որոշումը կհրապարակվի վաղը 10:00-ին։
Դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ են հայտնել Բորիս Բախշիյանի պաշտպանները։ Պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատավորները գործերին պետք է մակագրվեն պատահականության սկզբունքով, սակայն ակնհայտ է, որ այս գործը հատուկ մակագրվել է Արղամանյանին։

«Մենք ավելի վաղ գիտեինք, որ եթե այս գործը մակագրվի Արղամանյանին, նա կբավարարեր Բախշիյանի հանդեպ կալանքի միջնորդությունը։ Այս գործը ամբողջությամբ բացառիկ է, այսինքն` դատարանը չի կարող ներկայացված փաստերի և իր համոզմունքների հիման վրա որոշում կայացնել։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Բախշիանի որոշումից դժգոհ մարդ չկա բացի պետական շահագրգիռ մարմիններից», - ասաց պաշտպանը։

Նշենք, որ Դավիթ Արղամանյանը 2018-ի ժամանակ աջակցում էր Նիկոլ Փաշինյանի շարժմանը։
«Վրեժխնդիր են լինում արդար դատավորից». քննվում է Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարցը
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն բավարարել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել` ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում։