ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Արցախի քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել հայ տղամարդուն սպանած ադրբեջանցու նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ էջից։
Հիշեցնենք՝ 2021թ. դեկտեմբերի 3-ին ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքից անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին առևանգել, ադրբեջանական դիրք էին տեղափոխել ու ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ սպանել էին:
Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սեյրան Սարգսյանին սպանած անձն Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ զինծառայող, շարքային Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին է:
ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար 2022թ. փետրվարի 1-ին Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին հարուցելու միջնորդությունը Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել է։ Մեղադրյալ Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլու նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: