ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:
Վարչապետը նշել է, որ շատ ուրախ է մեր երկրների հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկայի համար: «Մենք նախորդ տարին ամփոփեցինք Թբիլիսիում տեղի ունեցած Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստով: Դրանից առաջ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել Վրաստանի վարչապետ՝ իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Եվ շատ կարևորում եմ, որ մեր իրավապահ համակարգերն իրար հետ սերտ համագործակցություն են հաստատում: Դա կարևոր է մեր երկրների անվտանգության, իրավակարգի պահպանության համար»,–ասել է Փաշինիյանը: Նա իր սրտանց ողջույններն ու առողջության մաղթանքներն է խնդրել փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, ով վարակվել է կորոնավիրուսով:
Վախթանգ Գոմելաուրին իր հերթին նշել է, որ Վրաստանի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է, հարևան է և ընկեր երկիր:
«Ցանկանում եմ մեր պատրաստակամությունը հայտնել հետագա համագործակցության հարցում: Իմացեք, որ մենք միշտ պատրաստ ենք աջակցել և նաև պատրաստ ենք լսել ձեր փորձը, որը բավական մեծ է: Այն, ինչ հիմա նախաձեռնել եք, մասնավորապես, Պարեկային ծառայության մասին է խոսքս, շատ ողջունելի և կարևոր ծրագիր է»,– ասել է Գոմելաուրին` հավելելով, որ հայերն ու վրացիներն ամենամտերիմ ժողովուրդներն են, շատ հարազատ են, նման են և՛ ավանդույթներով, և՛ մշակույթով:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ծավալված արդյունավետ համագործակցության շարունակական ամրապնդումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում և Վրաստանում ոլորտային բարեփոխումների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումը և մշտական հաղորդակցությունը, որը բխում է հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ոգուց: