ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Ի դեպ, դիմումի մեջ նշվում է, որ պատգամավորների անունից նախագահի թեկնածուին իրավասու է ներկայացնել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Հունվարի 26-ին armlur.am-ը գրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին, և ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա։
Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահն է: 2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։