ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Արարատի մարզի Ուրցաձորի համայնքապետարանի աշխատակիցները, ի նշան բողոքի, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Այս տեղեկությունը այսօրվա իր համարում հրապարակել է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով` խնդիրն այն է, որ Վեդիի համայնքապետի ԺՊ Գարիկ Սարգսյանն ազատել է Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին և մի շարք ընդդիմադիր համայնքապետերի ու ԺՊ-ներ նշանակել։ Անդրեասյանը բողոքարկել է որոշումը, աշխատակազմը հրաժարվել է աշխատել ԺՊ-ի հետ։
«Անդրեասյանը մեզ ասաց, որ առաջին անգամ իր ենթակաները հրաժարվել են լսել իր հորդորը և շարունակել աշխատանքը»,–գրում է թերթը։
Նշենք, որ Վեդի խոշորացված համայնքի ընտրությունները կայանալու են մարտի 27-ին։ Թերթը գրում է, որ իշխանությունը քրտնաջան պատրաստվում է դրան, Գարիկ Սարգսյանն անգամ ուսանողներին անվճար ավտոբուս է տրամադրել, որ իրեն ձայն տան։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վեդիում կայացել էին ՏԻՄ ընտրություններ, արդյունքում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:
Կուսակցության օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար:
Դեկտեմբերի 16-ին Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ավագանու բոլոր անդամներն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին:
ՀՀ կառավարությունը հունվարի 4–ին որոշում կայացրեց Վեդիում նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մասին։