Սևանա լճի մակարդակի նվազման ցուցանիշի համեմատությունը նախարոդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ նորմալ իրավիճակի մասին չի վկայում, 14 սանտիմետրով նվազումը վնաս է լճի էկոհամակարգին։ Հիմնական պատճառը ջրառն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։
«Սևանի համար անչափ կարևոր է մակարդակի բարձրացումը։ Ժամանակին կատարել եմ ուսումնասիրություններ։ Չեք պատկերացնի, թե լիճն ինչպես է արձագանքում այդ փոփոխություններին։ Մեկ տարի դեռ չանցած` դրանք ազդում են ջրի որակի վրա։ Անհրաժեշտ է նաև պարբերաբար մաքրել դեպի Սևանա լիճ թափվող ջրերը, այլապես լիճը կկորցնենք»,– ասաց բնապահպանը։
Դանիելյանի կարծիքով` կարևոր է, թե ինչպես իշխանությունները հետայսու կվերաբերվեն ջրառին, որովհետև անխնա օգտագործումը կործանարար հետևանքներ կունենա։ Տարիներ շարունակ ջրօգտագործման ոլորտում եղել են նաև հսկայական կորուստներ, ու թեև իրավիճակը շտկելու առումով զգալի աշխատանք է իրականացվել, բայցևայնպես դեռ անելու շատ բան կա։
Բնապահպանի հավաստմամբ` Սևանա լիճի մակարդակի նվազումը բացասաբար է անդրադառնում ոչ միայն էկոհամակարգի, այլև շրջակա միջավայրի վրա և ընդհուպ կարող է փոփոխություններ առաջացնել ավազանին հարող տարածքների բնակլիմայական պայմաններում` բացասական հետևանքներով հանդերձ։
Նշենք, որ ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տեղեկատվության համաձայն` Սևանա լճի մակարդակը 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ նվազել է և այժմ ծովի մակերևույթից 1900 մ 38 սմ բարձրության վրա է, նախորդ տարվա նույն օրվա համեմատ այն իջել է 14 սանտիմետրով։ Այս տարվա առաջին ամսվա ընթացքում Արփա-Սևան ջրատարով (ներառյալ ստորերկրյա հոսքը) Սևանա լիճ է տեղափոխվել 7 միլիոն 525 հազար խմ ջուր։