Սալիվանն ու Քալընը քննարկել են Թուրքիայի և ՀՀ–ի հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրները և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում` Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային կայունության համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման խաղաղ նախաձեռնություններին։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։