ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Արցախի Հանրապետության տարածքով մարդասիրական բեռով 2 ավտոշարասյան անվտանգ ուղեկցումը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ռուս ռազմական ոստիկանները շինարարական նյութերով և պարենով բեռնված շուրջ 20 միավոր մեքենայից բաղկացած ավտոշարասյուն են ուղեկցել դեպի Մատաղիս–Գետավան–Վանք և հակառակ ուղղությամբ:
«Այսօր ռազմական ոստիկանության ստորաբաժանման ուժերով ապահովվել է Մատաղիս–Վանք երթուղով անցնող ավտոշարասյան անվտանգությունը։ Այս երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը մեծ ուշադրություն է պահանջում տրանսպորտային միջոցների վարորդներից և ուղեկցող անձնակազմերից: Երթուղու երկարությունը կազմում է 42 կմ, երկու ուղղությունով ուղեկցվել է մոտ 20 միավոր տեխնիկա»,- պատմել է ռուսական զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Կիրիլենկոն։
Երթուղով երթևեկելիս ավտոմոբիլային շարասյունը հատել է դիտակետերի պատասխանատվության գոտում ավտոմեքենաների անվտանգությունն ապահովող 3 դիտակետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: