Օլիմպիական խաղերում ՀՀ–ն ներկայացնող մարզիկներից մեկը չի մեկնի Պեկին. Covid-ով է վարակվել

Պեկինի օդանավակայան
Հայաստանի պատվիրակության կազմից կբացակայի նաև դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որը նույնպես կորոնավիրուսով է վարակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող վեց մարզիկներից մեկը` լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, չի մեկնի Պեկին, քանի որ կորոնավիրուսի թեստը դրական է եկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնելու են վեց մարզիկներ` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը:

Դրական է եղել նաև Հարություն Հարությունյանի մարզչի` Արսեն Ներսիսյանի թեստի պատասխանը։ Հայաստանի պատվիրակության կազմից կբացակայի նաև դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որը նույնպես կորոնավիրուսով է վարակվել։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-20-ը Պեկինում անցկացվելու են 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Չինաստանի մայրաքաղաքը դարձել է պատմության մեջ առաջին քաղաքը, որն ընդունելու է ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը:
Մրցումները կանցկացվեն ինչպես նոր օբյեկտներում, այնպես էլ արդեն գոյություն ունեցող մրցասպարեզներում։ Կօգտագործվեն նաև այն կառույցները, որոնք մնացել են 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո։
Հայաստանի մարզական պատվիրակությունը Պեկին է մեկնել փետրվարի 1-ին։ Sputnik Արմենիան բացառիկ կադրեր էր ներկայացրել Պեկինի օդանավակայանից։
Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը