ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հետևանքով էջերի արգելափակման հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Facebook-ին, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։
«Հատուկ շեշտադրվել է, որ Facebook -ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և Facebook-ին են ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է դպրոցական ու բուհական դասագրքերում:
Facebook–ին ուղղված նամակում կից ներկայացրել են նաև ապացույցներ արգելափակված կամ սահմանափակումների ներքո գտնվող օգտահաշիվների կամ էջերի վերաբերյալ:
Նշենք, որ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը նույնպես բարձրաձայնել էր այս խնդրի մասին` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։ Նա հայտնել էր, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական տարաբնույթ հարձակումները ֆեյսբուքյան իր էջի դեմ, ինչի հետևանքով արդեն զգալի սահմանափակումներ էին դրվել: Ըստ Բեգլարյանի` այդ սահմանափակումները Facebook-ը հիմնավորում է Մոնթեի վերաբերյալ գրառումներով՝ իրականացնելով անընդունելի գրաքննություն: