Միրզոյանը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ

Արարատ Միրզոյան
Հայաստանի արտգործնախարարը հիշեցրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման սկզբունքի կոպիտ խախտման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումը կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ։ Այսօր այս հայտարարությունն արեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ավստրիացի գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպումից հետո Երևանում կայացած ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը միակ միջազգային ձևաչափն է, որն օժտված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման մանդատով։

«Լուծում դեռևս չի գտնվել, և մենք պետք է շարունակենք բանակցություններն այդ ձևաչափով։ Կարգավորման հասնելու ուղիներից մեկը խաղաղության համընդհանուր պայմանագրի պարամետրերի հստակեցումն է, մշակումն ու կնքումը»,- ընդգծեց Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ կարևոր է հիշել համանախագահների մշակած կարգավորման սկզբունքների, մասնավորապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:
«Սկզբունքներից մեկը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է։ Մյուս սկզբունքը՝ ուժի չկիրառման սկզբունքը, 2020թ. կոպտորեն խախտվեց։ Ոչ միայն Հայաստանը և Արցախը, ամբողջ աշխարհը պետք է որոշի՝ մնո՞ւմ է արդյոք այդ սկզբունքը օրակարգում, թե՞ պետությունները կարող են ուժով լուծել ժողովուրդների ճակատագրերը։ Եթե կանոնը խախտվում է մեկի համար, ուրեմն, մյուսների համար էլ նման դուռ է բացվում»,– ասաց նա։
Հիշեցնենք` անցած տարվա օգոստոսին Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում։
Ադրբեջանը սահմանափակում է նույնիսկ Կարմիր խաչի մուտքը Արցախ. Միրզոյանը` Շալենբերգին