ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik.Լուծարված կուսակցությունների գույքը կփոխանցվի կառավարությանը։ Օրենքի նոր նախագիծը վերլուծելով` գրում է «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում։
ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի փաթեթով: Փաթեթն Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է փետրվարի 4-ին:
Այժմ գործող կարգավորումներով պետական բյուջե կարող են փոխանցվել միայն դրամական միջոցներ: Ստացվում է, որ հիմնադրամի լուծարման դեպքում մնացած այլ գույքը չի կարող փաստացի փոխանցվել պետական բյուջե, քանի որ պետական բյուջեն ձևավորվում է բացառապես դրամական միջոցներից:
«Միաժամանակ այլ գույքը չի կարող ամրակցվել որևէ մարմնի, քանի որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ու «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի դրույթներով հստակ ձևակերպված է, որ համապատասխան դեպքում գույքը փոխանցվում է պետական բյուջե: Հիմնավորման համաձայն՝ խնդիր է ծագում դրամական միջոց չհանդիսացող գույքը համապատասխան մարմնին ամրակցելու հետ կապված, ու առաջանում է ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի անհրաժեշտություն»,- գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կուսակցությունների մասին օրենքով սահմանված է, որ կանոնադրությամբ սահմանված նպատակների իրականացման համար կուսակցությունը սեփականության կամ այլ գույքային իրավունքով կարող է ունենալ ցանկացած գույք: Կուսակցությունը չի կարող ունենալ այնպիսի գույք, որը հանված է շրջանառությունից:
Կուսակցության գույքը գոյանում է կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ կատարվող վճարներից (մուտքի վճարներից), սահմանված չափով պարբերաբար կատարվող վճարներից (անդամավճարներից)։
Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի կուսակցությանը պատկանող գույքի նկատմամբ: Կուսակցության գույքի նվիրատվությունն արգելվում է: