Ինչպես տարբերել «Օմիկրոնը» երեխաների մոտ. թուլություն, ջերմություն, կոկորդի ցավ

Եզակի հիվանդների մոտ կորոնավիրուսն առաջացրել է նյարդային համակարգի ախտահարում, դիտվել են ցնցումներ, նույնիսկ ուղեղի թաղանթի բորբոքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսի «Օմիկրոն» տեսակով հատկապես շատ են վարակվում երեխաները։ Այս միտումը նկատվում է ամբողջ աշխարհում։ Հայաստանում ևս երեխաների հոսպիտալացումների աճ է գրանցվել։
Այս առիթով ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի դիտարկումները` ինչպես հասկանալ` երեխայի մոտ «Օմիկրոն» է, թե ոչ։
Մասնագետի խոսքով, «Օմիկրոնը» նման է այլ սուր շնչառական վարակներին ու կորոնավիրուսի մինչ այժմ հայտնի այլ տեսակներին։
«Օմիկրոնը» կարող է ձայնի անվերադարձ կորստի հանգեցնել. բժիշկ
Հիմնական ախտանշաններն են թուլությունը, ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը, քթահոսությունը, չոր կամ քիչ խորխոտ, երբեմն` սպազմատիկ հազը, գլխացավը, մարմնի ցավը։ Երբեմն հանդիպում են ոչ ծանր փորլուծություն, սրտխառնոց։
Փոքրիկների մոտ երեբեմն զարգանում է կոկորդի և շնչափողի բորբոքում՝ «կրուպ» կամ «բրոնխիտ», կան նաև ականջի բորոբքման դեպքեր։ Եզակի հիվանդների մոտ կորոնավիրուսն առաջացրել է նյարդային համակարգի ախտահարում, դիտվել են ցնցումներ, նույնիսկ՝ ուղեղի թաղանթի բորբոքում։
Թե՛ Հայաստանում ու թե՛ աշխարհի այլ երկրներում բժիշկները «Օմիկրոնով» հիվանդ երեխաների մոտ դիտարկել են նաև մաշկի կարմրություն, ալերգիկ բնույթի ցան` մանր բշտիկավոր կամ բծավոր, երբեմն` կապտավուն երանգով։ Ցաները երբեմն ուղեկցվում են քորով։

Փոխարենը կորոնավիրուսոի այլ տեսակների համեմատ «Օմիկրոնով» հիվանդ երեխաների մոտ թոքաբորբ գրեթե չի զարգանում։

Դեպքերի մեծ մասում հիվանդությունն անցնում է 2-3 օրվա ընթացքում։ Կան դեպքեր, երբ ախտանշանները թույլ են արտահայտված և գրեթե նկատելի չեն ծնողների համար։
Հատկապես հաճախացած և դժվարացած, տնքացող շնչառության, ցնցումների, խիստ թուլության դեպքերում, երբ երեխան չի կարողանում խմել և ուտել, անսովոր քնկոտության, շարունակական գլխացավի ու կրկնվող փսխումների դեպքում Սերգեյ Սարգսյանը խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բժշկի։
Իսկ եթե հոսպիտալացման անհրաժեշտություն չկա, տնային բուժման դեպքում բժիշկը հորդորում է հետևել երեխայի ընդհանուր վիճակին, տրամադրությանը, շնչառությանը, կառավարել ջերմությունը, տալ բավարար և հավելյալ քանակությամբ հեղուկներ ու սնունդ։
Կարևոր է նաև ինքնուրույն չօգտագործել դեղեր, հատկապես՝ հակաբիոտիկներ։