ՀՀ-ում այլևս անհարկի դիահերձումներ չեն իրականացվի․ օրենքի փոփոխությանը հավանություն տրվեց

Դիահերձարան. Արխիվային լուսանկար
Ըստ նոր փոփոխությունների՝ այն կազմակերպությունները, որոնք կից չեն բժշկական հաստատություններին, բայց դիահերձում են իրականացնում, ունեն 6 ամիս որևէ բժշկական հաստատությանը կցվելու համար, հակառակ դեպքում նրանց լիցենզիան կկասեցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանում այլևս անհարկի դիահերձումներ չեն իրականացվի։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր հավանության արժանացավ օրենքի փոփոխության նախագիծը։
Նշենք, որ դիահերձումների թիվը ՀՀ-ում կտրուկ աճել է` 36 տոկոսից հասնելով 90 տոկոսի, այն դեպքում երբ եվրոպական երկրներում դիահերձումների միջին ցուցանիշը 26,5 տոկոս է։
«Երբ հիվանդը մահացել է հիվադանոցում, առկա է ճշտված, եզրափակիչ կլինիկական ախտորոշում, պարտադիր դիահերձում չի իրականացվի, դա կլինի միայն հարազատների ցանկությամբ»,-ասաց առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
Ալմաթիի դիահերձարաններից 41 մարմին են գողացել
Նախագծով առաջարկվում է ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացնել միայն բժշկական հաստատություններին կից ախտաբանաանատոմիական ստորաբաժանումներում։
Գործող օրենքով դիահերձումը կատարվում է նաև առանձին կազմակերպություններում, որոնք ունեն համապատասխան լիցենզիա։

Հայաստանում կա 8 նման կազմակերպություն, որոնք կից չեն բշկական հաստատություններին, բայց իրականացնում են դիահերձման ծառայություն։ Ըստ նոր փոփոխությունների՝ նրանց գործունեությունը ախտաբանաանատոմիական դիահերձում իրականացնելու մասով կսամանափակվի։ Կազմակերպությունները հնարավորություն ունեն ընդգրկվելու որևէ հիվանդանոցի կազմում և շարունակելու իրենց գործունեությունը։ Հիվանդանոցն էլ պատասխանատու է նրանց մատուցած ծառայությունների որակի վերահսկողության մասով։

«Նրանք չունեն հյուսվածքաբանական լաբորատորիաներ, այսինքն` չեն կարող բացահայտել մահվան պատճառը, համեմատել կլինիկական ախտորոշման հետ, ուստի 6 ամիս անց նրանց լիցենզիան կկասեցվի»,-ասաց Զեյնալյանը
Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ այսօր Հայաստանում մահվան վերլուծությունների ճիշտ վիճակագրություն չկա, հետևաբար առողջապահության նախարարությունը նաև թիրախային ֆինանսավորում չի կարողանում իրականացնել՝ ելնելով ստեղծված իրավիճակից։
Զեյնալյանը հույս ունի, որ նոր նախագծով ամեն ինչ իր տեղը կընկնի։