ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Անցյալ տարվա ընթացքում Հայաստան է հայրենադարձվել 142 ռազմագերի և գերի: Այնուամենայնիվ, հաստատված 46 ռազմագերիներ և գերիներ դեռ պահվում են Ադրբեջանում կալանքի տակ: ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում առցանց իր ելույթի ժամանակ ասել է ԵԽԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։
«Արցախյան երկրորդ պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի: Եվ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակորեն նախատեսում է բոլոր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձ՝ մի քանի տասնյակ հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք դեռ գտնվում են գերության մեջ Ադրբեջանում: Հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց թիվը մնում է անորոշ»,–ասել է նա։
Ջուլհակյանը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում գերիների ստույգ թիվը՝ առանց որևէ իրավական հիմքի և մարդու իրավունքների՝ Ժնեւի կոնվենցիայով նախատեսված պահանջների կոպտագույն խախտմամբ: Նրա խոսքով` վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանը բազմիցս չարաշահել է իրավական ընթացակարգերը, խախտել է միջազգային իրավունքի պահանջները և դատական կարգով հետապնդել հայ ռազմագերիներին՝ որպես պատիժ կիրառելով ազատազրկումը:
Ջուլհակյանը հավելել է` հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց «ահաբեկիչ» որակելը միջազգային մարդասիրական իրավունքի և, առհասարակ, մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Նա շեշտել է, որ, անկախ գերեվարվելու ժամկետից, Ադրբեջանում պահվող բոլոր հայ զինծառայողները և քաղաքացիական անձինք իրենց ներկա կարգավիճակով ռազմագերի են և պետք է նրանց վերաբերվել որպես այդպիսին:
Պատգամավորը նշել է նաև, որ մի քանի տասնյակ անձինք գերության մեջ են Ադրբեջանում՝ առանց ադրբեջանական կողմից հաստատման։ Ջուլհակյանը հիշեցրել է, որ բռնի անհետացումների դեպքերի առնչությամբ համապատասխան դիմումներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և Դատարանը 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի դեմ: Չնայած դրան, մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի վերոհիշյալ որոշումները, ուստի Նախարարների կոմիտեն պետք է անդրադառնա այս հարցին:
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել էր` 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում (հայեր և ադրբեջանցիներ)։