ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացմամբ հայ-ավստրիական հարաբերություններում, երկու երկրների համագործակցության մեջ նոր էջ է բացվում։ Գրասենյակի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Բացմանը ներկա է եղել նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը:
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը (2 փետրվարի, 2022թ). Երևան
© Photo : official site of MFA of RA
«Կարծում եմ, որ և՛ հայկական կողմը, և՛ ավստրիականը պատրաստակամություն են հայտնում՝ այսուհետ որակապես նոր տեսակի և նոր ծավալի ծրագրեր ու հարաբերություններ կառուցելու: Հայաստանը՝ որպես Արևելյան գործընկերության երկիր, ընդգրկված է նաև Ավստրիական զարգացման համագործակցության 2021-2027թթ. ծրագրում»,–ասել է Միրզոյանը։
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը (2 փետրվարի, 2022թ). Երևան
© Photo : official site of MFA of RA
Նրա խոսքով` Ավստրիական զարգացման գործակալությունը դեռ 2013 թվականին է սկսել իր գործունեությունը ծավալել Հայաստանում և մեծ, շոշափելի ձեռքբերումներ ունի հատկապես կանաչ, ժամանակակից գյուղատնտեսության ասպարեզում:
Միրզոյանը նշել է, որ նախարար Շալենբերգի այցն ուղեկցվում է նաև բիզնես պատվիրակությամբ, և վաղը հայ-ավստրիական բիզնես ֆորում է անցկացվելու:
Հիշեցնենք` Ավստրիայի Հանրապետության եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը Հայաստան է եկել աշխատանքային այցով։