ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ավստրիայի Եվրոապական և արտաքին գործերի դաշնային նախարարն առանձնազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայ ռազմագերիներին առնչվող հարցեր։
Համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արարատ Միրզոյանը` նշելով, որ անդրադարձել են նաև երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։
«Նախարար Շալենբերգի հետ կիսվել եմ մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների և Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, ինչպես նաև Հայաստան–Ադրբեջան սահմանին վերաբող բոլոր խնդիրների, Հայաստան–Թուրքիա երկխոսության վերջին զարգացումների մասին»,– նշեց Միրզոյանը։
Նա նկատեց, որ Շալենբերգը ողջունում ու սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն ու ջանքերը` կարգավորում գտնել ԼՂ դեռ չլուծված հակամարտությանը։ Միրզոյանն ընդգծեց, որ իր ավստրիացի գործընկերը պատրաստակամություն է հայտնել աջակցել բոլոր հնարավոր հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպիսիք են հայ ռազմագերիների և մշակութային հուշարձանների պահպանման հարցերը։
Հիշեցնենք, որ Ավստրիայի ԱԳ նախարարը փետրվարի 2-ին Հայաստան է ժամանել աշխատանքային այցով ու մնալու է մինչև փետրվարի 3-ը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն այսօր` փետրվարի 2-ին, առանձնազրույց են ունեցել։
Այցի ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ։
Նույն օրը Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ալեքսանդր Շալենբերգը կմասնակցեն Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությանը։