Վրաստանում չեղարկել են «քովիդ անձնագրերի» համակարգը. ասում են` անարդյունավետ է

Դպրոցի աշխատակիցը ստուգում է աշակերտի ջերմաստիճանը դպրոցի մուտքի մոտ (15 փետրվարի, 2021թ)․ Թբիլիսի. Արխիվային լուսանկար
Հիմա ռեստորան կամ թատրոն այցելելու ամար ոչ մի թուղթ չի պահանջվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Վրաստանի իշխանությունները չեղարկել են «քովիդ-անձնագրերի» համակարգը, որոնք անհրաժեշտ էին հասարակական վայրեր այցելելու համար: Ինչպես հաղորդում է Sputnik Գրուզիան, այս մասին հայտարարել է կորոնավիրուսի համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն ճեպազրույցի ժամանակ:

«Որոշումը հիմնավորված է նրանով, որ վարակակիրների թիվը զգալիորեն ավելացել է, և այդ համակարգն այժմ պակաս արդյունավետ է։ Երկրի ներսում կանաչ անձնագրերը պարտադիր չեն լինի», - ասել է Գիբրաձեն։

Նրա խոսքով ՝ «կովիդ-անձնագրեր» դեռ անհրաժեշտ կլինեն այն մարդկանց, ովքեր ցանկանում են այցելել արտասահմանյան երկրներ։ Գիբրաձեն հավելել է, որ չնայած կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» շտամով զանգվածային վարակմանը, իրավիճակը վերահսկելի է: Նա նաև հիշեցրել է, որ պատվաստումը վարակվելուց հետո բարդություններից խուսափելու միակ միջոցն է:
«Կանաչ անձնագիրը» կամ «քովիդ-անձնագիրն» էլեկտրոնային փաստաթուղթ է, որը տվյալներ է պարունակում քաղաքացու քովիդ կարգավիճակի մասին: Վրաստանում այս համակարգը գործել է դեկտեմբերի 1-ից ։ Հանրային վայրեր, ռեստորաններ, զվարճանքի և առեւտրի կենտրոններ կարելի էր այցելել միայն QR կոդով: