ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի` Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու նախագծի ներկայացման ամենաակտիվ փուլն է, հայտնում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը։
Ծառուկյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրում է դրանցից մեկը, ու կից գրառում կատարել, որ նոր գաղափարներով հանդես են գալիս մասնագետները և՛ Հայաստանից, և՛ արտերկրից։ Ներկայացվել է ավելի քան 100 առաջարկ։
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ միայն արձանը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։
Հայտերից մեկը ներկայացրել է քանդակագործ Արմեն Սամվելյանը, ով ներկայացրել է Ծառուկյանին հուշարձանի մակետը։ Սամվելյանը նախագիծը ներկայացնելիս շեշտել է, որ ընդհանուր առմամբ կոթողը կունենա 67 մետր բարձրություն, ներքևում կունենա մոմավառության հատված, իսկ վերևում` դեպի արձան բարձրանալիս, կարող են մտնել նաև թանգարան։ Քանդակագործը նաև նշել է, որ Հիսուսի արձանից բացի, համալիրի տարածքում, նաև 12 առաքյալի արձան կլինի։
«Առաջին հերթին ժողովրդի մեծ մասի կողմից պետք է ընդունելի լինի այս համալիրը։ Շատ առաջարկներ են եղել, փետրվարի 20-ին բոլորը կներկայացնեն իրենց գործերը, կնայենք, կընդունենք ամենալավը, ամենահզորը»,– ասել է Ծառուկյանը և հավելել, որ այդ ամենից հետո կորոշվի արձանի տեղը։
Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել, որ նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում։
Նախագծերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է։