Կենտրոնական բանկը փորձում է զսպել գնաճը. ռիսկը շարունակում է բարձր մնալ

ԿԲ–ն կանխատեսում է, որ դրամավարկային քաղաքականության արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի` տարեվերջին հասնելով նպատակային 4 տոկոսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. 2022թ–ի հունվարի 1-ից արդեն թանկացել է ջրի սակագինը, փետրվարի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի ավելի թանկ սակագինը, ապրիլին էլ կանխատեսվում է նաև գազի սակագնի բարձրացում։
ԿԲ–ում արդեն հաշվարկել են` այս նոր թանկացումները Հայաստանում գրանցվող ընդհանուր գնաճը կավելացնեն տարեկան ևս 1-1.5 տոկոսով։
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Մենք արդեն հաշվարկել ենք ջրի ու էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության արդյունքում ակնկալվող գնաճը։ Մեր գնահատականներով` այն տարեկան կտրվածքով կկազմի շուրջ 0.6 տոկոս։ Կա նաև որոշակի երկրրդային էֆեկտների ազդեցություն էլեկտրաէներգիայի հետ կապված։ Իսկ գազինը դեռ անորոշ է, թե ինչ տեղի կունենա։ Ենթադրությունների վերլուծության արդյունքում ընդհանուր գնաճը մենք գնահատում ենք, որ կլինի տարկան 1-1.5–ի շրջանակներում»,– ասաց Գալստյանը։

Հայաստանում առկա գնաճը զսպելու նպատակով ՀՀ ԿԲ խորհրդի նիստում այսօր` փետրվարի 1-ին, որոշում է ընդունվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է ևս 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8 %` գործող 7.75–ի փոխարեն։
«Այս քաղաքականության արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի ու կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին»,– վստահեցրեց Գալստյանը։
Մեքենաների, չիպերի, ամեն ինչի դեֆիցիտ կա. գնաճը գերազանցել է կառավարության կանխատեսումները
ԿԲ նախագահը, սակայն, նշեց, որ գնաճի ռիսկը դեռևս շարունակում է բարձր մնալ` հաշվի առելով համաշխարհային զարգացումները, համաշխարհային շուկայում առկա բարձր գնաճն ու պահանջարկը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքները համաշխարհային տնտեսության վրա։
Ինչ վերաբերում է տեղական շուկային, ապա 2021թ–ին Հայաստանում միայն սննդամթերքի գներն աճել են շուրջ 12 տոկոսով։ Ըստ Մարտին Գալստյանի` դա երկու պատճառ ունի` համաշխարհային գնաճն ու ՀՀ–ում որոշ ապրանքների սեզոնային թանկացումը։
ԿԲ–ում հույս ունեն, որ այս տարի սննդամթերքի գնաճն այնքան կտրուկ չի լինի, որքան 2021–ին։