Ինչի համար են քրեական հետապնդում սկսել Բախշիյանի նկատմամբ. պաշտպանը մանրամասներ հայտնեց

Դատախազությունը չի բողոքարկել որոշումը, որով քրեական հետապնդում է սկսվել դատավորի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի դեմ սկսված գործընթացը վերաբերում է երկու ամիս առաջ քրգործերից մեկով նրա կայացրած որոշմանը։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը` անդրադառնալով դատավորի դեմ սկսված գործընթացին։
Հայտնել էինք, որ ԲԴԽ–ն թույլ է տվել քրեական հետապնդում սկսել և կալանավորել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի քրգործը քննող Բորիս Բախշիյանին։ Այժմ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։
«Քրգործով անցնող մի ամբաստանյալ, որի խափանման միջոցն է եղել ստորագրություն չհեռանալու մասին, առանց հարգելի պատճառների դատական նիստին չի ներկայացել` խախտելով խափանման միջոցի կարգը։ Դատավորն էլ իրականացրել է օրենքից բխող գործողություններ՝ խափանման միջոց ստորագրությունը փոխելով կալանքով»,–ասաց Սարդարյանը։
Աշոտ Մինասյանի գործի հետ կապ չկա. դատավորի հարցով ԲԴԽ–ին միջնորդություն է ներկայացվել
Նրա խոսքով` դատախազությունը վերաքննության կարգով չի բողոքարկել նշված դատական ակտը, և հիմա 2 ամիս անց որոշել են անդրադառնալ այս որոշմանը։ Սարդարյանն իր տարակուսանքն է հայտնում` եթե դատախազությունը գտնում է, որ անօրինական էր կայացված դատական ակտը, ապա կարող էր բողոքարկել։
Սարդարյանը նշում է, որ ԲԴԽ–ն, որի առաքելությունն է դատավորների անկախությունն ապահովելը, ակնհայտ ձևով դատավորի անկախության նկատմամբ միջամտությունը թույլատրելի է համարել։ Փաստաբանը նշում է` սա ոչ միայն անօրինականություն է Բախշիյանի նկատմամբ, այլ ազդակ է դատավորներին, որ անկախ ու ինքնուրույն չգործեն։
Ինչ վերաբերում է Բախշիյանի տրամադրվածությանը, փաստաբանը նշեց, որ նա գիտի, որ մաքուր և արդար է։
Ի դեպ, Sputnik Արմենիայի տեղեկություններով, դատավոր Բախշիյանն, ըստ առաջադրված մեղադրանքի, ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալ Նվեր Մկրտչյանին: