ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանում բացվում է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը: «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:
Այսօր «Մատենա» միջազգային դպրոցն ազդարարեց ղեկավարների համար նախատեսված իր առաջին կրթական ծրագրի մեկնարկը։ Մատենադարանի դահլիճում կազմակերպված միջոցառման ժամանակ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ աշխարհում այսօր վերականգնվում է հարգանքը դեպի գիտելիքն ու կրթությունը։
«Դա շատ կարևոր փոփոխություն է, որ գուցե մենք դեռ չենք զգացել Հայաստանում, բայց որն արդեն ամենուր է, ու Հայաստան էլ է գալիս»,– ասաց Վարդանյանը` հիշելով խորհրդային ու հետխորհրդային տարիները, երբ կարևորը ոչ թե գիտելիքն էր, այլ փողը, լավ կապերը։
«Մատենան», Վարդանյանի խոսքով, առաջարկելու է բոլորովին նոր որակի ու ձևաչափի կրթական ծառայություններ՝ համաշխարհային ու տեղական փորձագետների փորձը համադրելով և մեկտեղելով, ինչպես նաև համագործակցելով միջազգային հեղինակավոր հաստատությունների հետ: Այն հավակնում է առաջատար դիրք զբաղեցնել ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, ինչը շղթայական ազդեցությամբ պետք է նպաստի ամբողջ համակարգի աստիճանական բարեփոխմանը:
Դպրոցի առաջին ծրագիրն ուղղված է լինելու համայնքների ղեկավարների կրթությանը։
Նոր կրթական կենտրոնի առանցքային գործընկերներից մեկը մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցն է, որի հետ համատեղ արդեն մշակվել են «Մատենայի» մեկնարկային ծրագրերը՝ միջին և բարձր օղակների ղեկավարների ու ձեռնարկատերերի համար:
«Մատենայի» դասընթացներն անցկացվելու են ինչպես Հայաստանում (Երևան, Դիլիջան և այլն), այնպես էլ արտերկրում՝ միջազգային գործընկերների հետ համատեղ և երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։
Դպրոցի հոգաբարձուների միջազգային խորհուրդը, ինչպես նաև միջազգային ակադեմիական խորհուրդը կազմված են ակադեմիական և գործարար համայնքների հեղինակավոր ներկայացուցիչներից, հայտնի հասարակական-քաղաքական գործիչներից, որոնց թվում են «McKinsey» ընկերության՝ Բելգիայի և Լյուքսեմբուրգի գրասենյակի երկարամյա ղեկավար, Բրյուսելի ազատ համալսարանի խորհրդի նախագահ Պիեռ Գուրջյանը, «Picsart» ընկերության համահիմնադիր և տնօրեն Հովհաննես Ավոյանը, «Yandex» ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, Նոր տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը, Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուն, Մոսկովյան ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանը, «Ernst & Young» ընկերության՝ ԱՊՀ երկրների երկարամյա ղեկավար Կառլ Յոհանսոնը, Ղազախստանի նախկին վարչապետ Իմանգալի Տասմագամբետովը, «QG Family Office» ընկերության տնօրեն Մարթա Ալբերտը և այլ նշանավոր անդամներ: