Գագիկ Ծառուկյանի հայտարարած մրցույթին մասնակցելու 100-ից ավելի հայտ կա. ԶԼՄ

Մեգանախագծին մասնակցելու ցանկություն են հայտնել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի մեր բազմաթիվ հայրենակիցներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Այս նախաձեռնությունը, որը բուռն արձագանք է գտել հանրության լայն շերտերի շրջանում, նաև դարձել է ստեղծագործական ոգևորության խթան, գրում է «Փաստ» օրաթերթը:
Պարբերականի տեղեկություններով, ներկայումս արդեն իսկ կա 100-ից ավելի հայտ մշակույթի գործիչների, նախագծողների, ճարտարապետների կողմից: Մեգանախագծին մասնակցելու ցանկություն են հայտնել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի մեր բազմաթիվ հայրենակիցներ: Ի դեպ, «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, մասնակիցների մեջ քիչ չեն նրանք, ովքեր ներկայացրել են այլ գաղափարներ ու առաջարկներ, որոնք ընդհանրապես խորհրդանշում են Քրիստոնեությունը:
Հուշարձանային համալիր՝ Հիսուսի արձանի փոխարեն. ինչ նախագիծ են առաջարկել Ծառուկյանին
Օրինակ՝ առաջարկների մեծ մասը միտված է արձանային համալիր կառուցելուն, որն իր մեջ ամփոփելու է Աստվածաշնչյան փիլիսոփայությունը և աշխարհի քրիստոնյաների միաբանության խորհուրդն է պարունակելու:
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ քանդակը պետք է լինի խորհրդանշանական բարձրությամբ. միայն քանդակը՝ 33 մետր։ Պատվանդանով քանդակի ընդհանուր բարձրությունը կարող է կրկնակի կամ եռակի ավել լինել։