Չգիտեմ` այստեղ լինեմ, թե այնտեղ. Ալեն Սիմոնյանը` միաժամանակ ՀՀ և ԱԺ նախագահ լինելու մասին

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը հասցրել է շրջել նախագահական շենքում, ծանոթանալ պայմաններին և հասկանալ առաջնային գործառույթները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը փետրվարի 1-ից ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները, այս պահին փորձում է հասկանալ, թե առաջնային ինչ գործառույթներ կան, որոնք անհետաձգելի են և պետք է իրականացնի։ Sputnik Արմենիայի հարցին, թե նախագահի լիազորությունների շրջանակում կա արդյոք որևէ օրենք կամ որոշում, որն առաջիկայում կհրապարակվի, Սիմոնյանը նշեց, որ դեռ չգիտի։

«Այսօր աշխատակազմի հետ եմ ծանոթացել, շրջել եմ շենքով, ծանոթացել եմ պայմաններին, ուզում եմ հասկանալ, թե այս պահին ինչ գործառույթներ կան, որոնք անհետաձգելի են։ Այժմ այդ հարցերով եմ զբաղված»,– ասաց Սիմոնյանը ԱԺ–ում։

Նա շեշտեց, որ միաժամանակ ԱԺ նախագահ և ՀՀ նախագահի պարտականությունները կատարելու առումով օրենսդրական բացթողում կա։
«Չգիտեմ` այստեղ լինեմ, թե այնտեղ։ Շարունակում եմ ԱԺ պատգամավոր լինել։ Ինձ ավելի հոգեհարազատ է այստեղ (նկատի ունի ՀՀ ազգային ժողովը` խմբ.)։ Երևի օրվա մի մասն այնտեղ կանցկացնեմ, սակայն հիմնականում այստեղ կլինեմ, որովհետև տեսնում եմ ինձ այստեղ ու ուզում եմ շարունակել լինել պատգամավոր։ Ասում են, որ այս պահին քվեարկելու իրավունք չունեմ, թեպետ չեմ դադարում լինել պատգամավոր, օրենսդրական առումով այդքան էլ կարգավորված չէ»,– ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: