ԲԴԽ-ն թույլ է տվել կալանավորել դատավոր Բորիս Բախշիյանին

Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
«Փաստինֆոյի» հաղորդմամբ՝ ԲԴԽ-ն բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն է։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Վաղ թե ուշ ձեռքով մակագրված բոլոր դատական գործերը բեկանվելու են. Վարդազարյան
Մինսյանի գործը քննող դատավորի դեմ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ մտահոգություն էր հայտնել ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։
Աշոտ Մինասյանը կալանավորվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին, որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը` բավարարելով քննիչի 2020 թվականի նոյեմբերի 15-ի միջնորդությունը:
Այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։