Արարատ Միրզոյանը բրիտանացի նախարարի հետ խոսել է հայ–թուրքական հարաբերությունների մասին

Արարատ Միրզոյան
Քրիս Հիթն-Հարիսը նշել է, որ Մեծ Բրիտանիան կողմ է ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր զրուցել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Քրիս Հիթն-Հարիսի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հեռախոսազրույցի ընթացքում տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկվել:
Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների շարքում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության պահպանությունը:
Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Քրիս Հիթն-Հարիսը նշել է, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Արարատ Միրզոյանը և Քրիս Հիթն-Հարիսն անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացին։ Բրիտանական կողմն իր աջակցությունն է հայտնել կարգավորման գործընթացին:

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։