Երկրի ղեկավարը տեղերում հետաքրքրվել է առկա խնդիրներով, լսել բնակիչների զբաղվածությունն ապահովելու հետ կապված առաջարկները, նրանց հետ քննարկել անելիքները:
Հարությունյանը հայտարարել է, որ Գառնաքար, Շահմասուր և Ծմակահող համայնքները մայրուղուն կապող ճանապարհներն այս տարի կասֆալտապատվեն, խմելու ջրի խնդրի համալիր լուծման համար նշված երեք համայնքներին կհատկացվի համապատասխան պետական աջակցություն, ինչպես նաև տնտեսական գործունեությունն ակտիվացնելու նպատակով համայնքների բնակիչներին կտրվեն մեղվափեթակներ և անասնագլխաքանակ: Այդ համայնքներում կիրականացվեն նաև ենթակառուցվածքային այլ աշխատանքներ։
Նախագահը հորդորել է օգտագործել ողջ պոտենցիալը և ազատ բնակֆոնդի հաշվին ավելի շատ տեղահանված ընտանիքների ընդունել:
Նա բարձր է գնահատել անցած տարում Հաթերք գյուղի ազատ բնակֆոնդի հաշվին տեղահանված 40 ընտանիքների ընդունելու և բնակարաններով ապահովելու համայնքի ղեկավարի նախաձեռնությունը։
Հարությունյանը հանձնարարել է շարունակել այդ գործընթացը` հաշվի առնելով համայնքում դեռևս առկա ազատ բնակֆոնդը և տեղահանված արցախցիների` հատկապես այստեղ ապրելու ցանկությունը։
Նախագահ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանի Գառնաքար, Շահմասուր, Ծմակահող և Հաթերք համայնքներում
© Photo : press office of the President of Artsakh
Քննարկվել են նաև համայնքի արտաքին լուսավորության, ներհամայնքային ճանապարհների բարեկարգման, ոռոգման ցանցի կառուցման, հիվանդանոցի համար շենքային նոր պայմանների ստեղծման, ինչպես նաև ժամանցի, զբաղվածության խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: