ՌԱԴԻՈ

Ադրբեջանը Թուրքիայի միջոցով ուզում է համալրել զինանոցը գրոհային զինտեխնիկայով. Ներսիսյան

Ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հանդիպմանը։
Sputnik

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների ուշադրության կենտրոնում են այն հարցերը, որոնք առնչվում են ՀՀ–ի հետ սահմանների բացմանը, տարածաշրջանային զարգացումներին և Ադրբեջանի բանակին նոր սպառազինություն մատակարարելու գործընթացին։ Մեր հարևանների պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգի մասին այսօր նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Ադրբեջանի զինանոցն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կրել է զգալի վնասներ, ուստի այն անհրաժեշտ է համալրել։ Հետևաբար քննարկվում է թե՛ Թուրքիայից, թե՛ Վրաստանից գրոհային զինամթերք գնելու հնարավորությունները»,– ասաց ռազմական փորձագետը։

Ներսիսյանի խոսքով` ստեղծված իրավիճակում Հայաստանի հետ դաշնակցային պարտավորություններ պետք է կատարվեն ՌԴ–ի կողմից, որպեսզի հաշվեկշիռը վերականգնվի։ Հայաստանն, իր հերթին, պետք է դիտարկվի այնպիսի երկիր, որն առաջիկայում ՌԴ–ին կարող է տրամադրել տարածք ոչ միայն ռազմաբազաներ տեղակայելու, այլև նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու համար։
Ռազմական փորձագետի համոզմամբ` հայ–թուրքական հարաբերությունները շատ դժվար են առաջ գնալու` հաշվի առնելով հենց Ադրբեջանի ընդհանուր տրամադրվածությունը։ Ըստ նրա` Էրդողանը ինչպես նախորդ արձանագրությունների պարագայում հերթական իմիտացիան է անում` փորձելով դիմակայել Արևմուտքի ճնշումներին և քաղել այն օգուտները, որոնք չի կարող ստանալ փակ սահմանների դեպքում։
Նշենք, որ այսօր Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և նրա ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև տարածաշրջանային հարցեր:
Աքարը Հասանովին է ներկայացրել Մոսկվայում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար կայացած առաջին հանդիպման ձեռք
բերած պայմանավորվածությունները։
Սոչիում «Ադրբեջանի հաղթանակի օր» չեն նշի․ քաղաքապետարանը ներողություն է խնդրել
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։ Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։