ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերած հավաքածուի պահպանումն օդից է կախված` գորգերը Հայաստանում ցուցադրվելու կամ ի պահ դրվելու տեղ չունեն։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։
«Գորգերը մինչ այս ցուցադրվում էին Երևանում` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Երկու օր առաջ ցուցադրությունը հավաքեցինք և հիմա չգիտենք` ուր ենք տանելու դրանք (խմբ.` դեռևս մի քանի օր դրանք կարող են մնալ թանգարանում)։ Հույս ունեի, որ համապատասխան մարմինները լուծում կտան հարցին, քանի որ միակ գորգերի թանգարանն է Հայաստանում»,–ասաց Ասծատրյանը։
Վարդան Ասծատրյանը
© Sputnik / Zara Mika
Նրա խոսքով` Հայաստանի ԿԳՄՍՆ–ն գորգերը տեղափոխելու վայրի մի քանի տարբերակ է առաջարկել` Սարդարապատի հուշահամալիրին կից Հայաստանի ազգագրության թանգարանը և հայ նկարիչ Հովհաննես Շարամբեյանի անվան ազգային արվեստի կենտրոնը։ Սակայն, ըստ Ասծատրյանի, այս թանգարաններն իրենց գորգերն ունեն և ցուցադրելու տեղ չկա այլևս։ Բացի այդ, պահոցներում վարակ` ցեց կա։ Ասծատրյանին առաջարկել են նաև Արցախ տեղափոխել գորգերը, սակայն նա նշում է` կհամաձայնի, եթե գորգերի թանգարանը պետական թանգարանի կարգավիճակ ունենա։
«Արցախի մշակույթի նախարարությունը համաձայնեց իմ առաջարկին, և նամակով դիմել է ՀՀ ԿԳՄՍՆ–ին, որպեսզի փորձագետներն անձնագրավորեն գորգերը։ Հիմա փորձագետները սրբագրման աշխատանքներ են իրականացնում, որպեսզի պետական կնիքով հաստատված անձնագրերը փոխանցեն Արցախի մշակույթի նախարարությանը։ Սակայն ինձ Արցախից զանգեցին ու ասացին` պատրաստ են գորգերն ընդունել, սակայն թանգարանի կարգավիճակին 2 տարի հետո կանդրադառնան»,–ասաց նա։
Ի դեպ, Արցախի մշակույթի նախարարությունը պետք է գնի այդ գորգերը Ասծատրյանից, իսկ թե ինչ գումարի մասին է խոսքը, վերջինս չասաց, սակայն նշեց` մեծ չէ նախատեսված գումարի չափը։ Արցախի մշակույթի նախարարությունից հայտնել են, որ գորգերը կպահեն մետաքսի կոմբինատի տարածքում, սակայն Ասծատրյանը նշում է, որ այդ գործարանը մասնավոր է, և չի ուզում իր գորգերն այնտեղ տանել` իրավունք չունի վտանգել գորգերի ճկատագիրը։
Նա նշեց, որ այս պահին սպասողական վիճակում են` մինչև ԿԳՄՍՆ-ն տվյալները կամփոփի և Արցախի մշակույթի նախարարությանը կներկայացնի։ Ասծատրյանի խոսքով` ադրբեջանցիներն արդեն իսկ սկսել են շահարկել այս թեման` ասելով, որ եթե գորգերը տեղ չունեն ՀՀ–ում, թող մնային Շուշիում։ Նա հույս հայտնեց, որ խնդրին կառուցողական լուծում կտրվի, հակառակ պարագայում ադրբեջանցիները քայլ առ քայլ ամեն ինչ յուրացնում են։
Հիշեցնենք, որ պատերազմի վերջին օրերին թանգարանի մոտ հրթիռ էր պայթել, հարվածի հզոր ալիքը կոտրել էր պատուհաններն ու դռները։ Այդ ժամանակ Ասծատրյանը զանգահարել էր Արցախի մշակույթի նախարարին և խնդրել մեքենա տրամադրեն գորգերը տեղափոխելու համար։ Նրան հաջողվել է փրկել իր հավաքածուի 2/3-ը։
Ընդհանուր առմամբ, Շուշիից դուրս է բերվել շուրջ 170 արժեքավոր գորգ, սակայն ցուցահանդեսին ներկայացվել էր 71 նմուշ ։ Ցուցադրված էին հիմնականում XIX դարի գորգեր, սակայն հավաքածուում կան նաև XVII դարի նմուշներ։