ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Վրաստանի արևմտյան հատվածում գտնվող Տկիբուլի քաղաքի հանքը 3 օրով կփակվի։ Ըստ Sputnik Գրուզիայի` տեղեկությունը հայտնում է Առաջին ալիքը՝ վկայակոչելով «Գրուզուգոլ» կառավարող ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Սոցկիին:
Հունվարի 30-ի ուշ երեկոյան գրանցված պայթյունի հետևանքով 1 մարդ է մահացել, ութը` տուժել։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Թբիլիսիի այրվածքաբանական կենտրոն։ Նրանցից երեքը վերակենդանացման բաժանմունքում են։
«Սարսափելի դեպք է։ Երեկվանից աշխատում է հանձնաժողովը, որը պարզում է վթարի պատճառը։ Առայժմ որոշել ենք 3 օրով դադարեցնել աշխատանքը»,- ասել է Սոցկին։
Նրա խոսքով` թե հետագայում ինչպես կշարունակվի աշխատանքը, կախված է հանձնաժողովի եզրակացությունից: Սոցկին նաև հայտնել է, որ առաջիկա 2 օրն անպայման կքննարկեն իրավիճակը և ասուլիս կհրավիրեն։
Նա բացառել է, որ վթարի պատճառը կարող է լինել 10-րդ հանքահորում միացնող մալուխների հետ կապված խնդիրը, որտեղ 2 ամիս առաջ քարածխի էր բռնկում տեղի ունեցել:
«Պետական մարմինների օգնությամբ վերականգնվել են միացնող մալուխները։ Այս դաշտը լիովին մեկուսացված է և ոչ մի կապ չունի այն վայրի հետ, որտեղ աշխատանքներ են տարվել»,- պարզաբանել է Սոցկին։
Հիշեցնենք, որ հանքում պայթյունի փաստի առթիվ քննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով (լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների իրականացման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնների խախտում):