ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են բերման ենթարկված ցուցարարներին

Վարորդների բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում
ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման էին ենթարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանություն և հանդիպել ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին։ Տեղեկությունը հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի հանրապետության հրապարակում ԱՊՊԱ–ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման են ենթարկել։

«Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև այց արդյունքների հիման վրա` ըստ առանձին դեպքերի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր»,-հայտնում են գրասենյակից:

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ վարորդների նկատմամբ կազմվել է արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին վարորդները ավտոերթ իրականացրին Հանրապետության հրապարակում, որից հետո մի քանիսը բերման ենթարկվեց, իսկ նրանց մեքենաներն էլ երթևեկելի գոտուց ավտոքարշակներով տեղափոխվեցին այլ վայր։

Նշենք, որ Հայաստանի ապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ–ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում:

Բյուրոյի հաղորդագրության համաձայն` ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգի կայունությունն ապահովելու համար հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։