ՌԱԴԻՈ

Մեր տարածքների օկուպացիայի նախագիծն ընդունվելուն պես կդառնա կարևոր փաստաթուղթ. Բաբայան

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախցի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի` ԱՀ Ազգային ժողովի օրակարգ է մտել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ։
Sputnik
Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը կարծում է, որ ադրբեջանական օկուպացիայի մասին օրինագիծն իր մեջ պարունակում է թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ իրավական, թե՛ պատմական բաղադրիչներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշում է, որ շատ կարևոր է, որպեսզի մենք ունենանք այդպիսի օրենք, քանի որ Արցախի տարածքների 80 տոկոսն օկուպացված է թշնամու կողմից, և մենք չունենք սահման, այլ ունենք ընդամենը շփման գիծ։
«Ադրբեջանական օկուպացիան սկսվել է դեռ 1991 թվականից, շարունակվել Ապրիլյան պատերազմի և Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում։ Անկախ ամեն ինչից` շատ կարևոր է, որ արձանագրենք, թե չենք հրաժարվում մեր պատմական, իրավական ժառանգությունից։ Այդ տարածքները եղել են և կմնան մեր անքակտելի տարածքները»,– ասաց ԱՀ արտգործնախարարը։
Բաբայանի խոսքով` բոլոր հիմքերը կան ակնկալելու, որ Արցախի օրենսդիրները կընդունեն վերոհիշյալ նախագիծը, որը կդառնա իրավական և քաղաքական կարևորագույն փաստաթղթերից մեկը։

«Նման նախագծով նաև ամբողջ աշխարհին ենք հայտ ներկայացնում, որ չենք հրաժարվում այդ տարածքներից, որոնց հիմքի վրա ձևավորվել է Արցախի Հանրապետությունը։ Դա նախկին ԼՂԻՄ–ն է` Շահումյանի շրջանով ու Գետաշենի ենթաշրջանով ու բոլոր այն տարածքները, որտեղ զարգացել է մեր երկիրը։ Սրան անշուշտ գումարվում են այն տարածքները, որոնք մինչև 2020 թվականի ադրբեջանաթուրքական ագրեսիան եղել են Արցախի կազմում։ Եթե մի ժողովուրդ չի հիշում իր անցյալը, հրաժարվում է իր ժառանգությունից, ապա միանշանակ ապագա չի ունենա»,– ասաց նախարարը։

Արցախը չի կարող չունենալ նման օրենք, նման փաստաթղութ, այլապես, Բաբայանի համոզմամբ, կստացվի, որ արցախցիները համակերպվել են ստեղծված իրավիճակի հետ։ Ըստ նրա` արցախյան կողմին բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչպես դրան կարձագանքի Ադրբեջանը։
Նշենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի օրակարգ է մտել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ։ Սպասվում է, որ փետրվարի 16-ի նիստում օրենքը կընդունվի առաջին ընթերցմամբ, իսկ արդեն փետրվարի 20-ին՝ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջապես։
Արցախում 35 զինվորականներ նոր բնակարաններ են ստացել