Խնդիրներ՝ կապված տուգանքների վճարման հետ. ինչպես են գործերը ԴԱՀԿ հասնում

Վճարային տերմինալ
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել` ասելով, որ խնդիրներ կան տուգանքների ինչպես բանկով, այնպես էլ տերմինալով վճարման դեպքերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Տուգանքների վճարման հետ կապված որոշակի խնդիրներ կան, ինչի առնչությամբ ոստիկանությունը պարզաբանում է տարածել։
Մասնավորապես, քաղաքացին ստանում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, տերմինալով կամ բանկի միջոցով կատարում է վճարում, սակայն որոշ ժամանակ անց պարզվում է, որ խախտման համար վճարումը չի կատարվել։

«Եթե որոշում է կայացված, որ քաղաքացին տուգանվել է, օրինակ՝ 20 000 դրամի չափով, նա տերմինալ է մուտք անում 20 000 դրամ։ Չի նկատում, որ պահվում է որոշակի գումար միջնորդավճար։ Այսինքն՝ տերմինալն ընդունում է 19 700 դրամ։ Փաստորեն տուգանքն ամբողջովին չի վճարվում, և այն ավտոմատ կերպով ուղարկվում է ԴԱՀԿ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, մեկ այլ խնդիր էլ կա, երբ քաղաքացին տերմինալում մուտք է անում ոչ ճիշտ համարներ։ Այսինքն՝ ճիշտ է մուտքագրում հաշվեհամարը, իսկ որոշման համարը` սխալ։ Այս անգամ նույնպես գումարը մուտք է լինում հաշվեհամարին, սակայն պարեկի արձանագրած տուգանքը մնում է չվճարված։
Բանկում վճարումների հետ կապված էլ լինում է հետևյալ խնդիրը. բանկի աշխատակիցը որոշման համարը մուտքագրելիս կա՛մ սխալ թվեր է նշում, կա՛մ թվանշանների միջև ավելացնում է այսպիսի նշաններ / կամ այլ կերպ ասած՝ դրոպ։ Համակարգը չի ընդունում նման մուտքագրում։ Գումարը փոխանցվում է հաշվեհամարին, սակայն տվյալ որոշման սխալ մուտգաքրման պատճառով կրկին տունգանքը համարվում է չմուծված։
Ոստիկանությունը հայտնում է, որ եթե արդեն բախվել եք նմանատիպ խնդիրների, դիմեք պարեկային ծառայություն։