ՀՀ-ում առաջին անգամ արհեստական բանականությունը կկիրառվի շահառուների կարիքի գնահատման համար

Թե ինչքանով ծրագիրն արդյունավետ կլինի, պարզ կդառնա գարնանը, երբ կամփոփվեն արդյունքներն ու կներկայացվեն միջազգային հարթակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանում առաջին անգամ արհեստական բանականությունը կկիրառվի շահառուների կարիքի առավել ընդարձակ ու թիրախային գնահատման համար։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից։
«Ծրագիրը հնարավորություն կտա արհեստական բանականության կանխորոշիչ գործիքների միջոցով իրականացնել կարիքի առավել թիրախային գնահատում, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների միջոցով վերլուծել թիրախային խմբերի առանձնահատկությունները»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ-ի և սփյուռքի հայ երիտասարդների խումբը արհեստական վերջույթներ է արտադրում զրոյից
Արդյունքում, համատեղելով արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները, նախատեսվում է նաև վերհանել և վերլուծել կարիքի գնահատման համակարգի արդյունավետությունը։
Փորձարկումը կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքը սպասարկող մարմնի՝ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից՝ Ասիական Զարգացման բանկի աջակցությամբ։
Պիլոտային ծրագրի արդյունքները կամփոփվեն գարնանը և կներկայացվեն միջազգային հարթակներում։