ՀՀ ՄԻՊ–ն ամփոփել է կանանց իրավունքների գծով աշխատանքները. ի՞նչ խնդիրների են բախվում նրանք

Լինում են դեպքեր, երբ կանայք գնում են ՄԻՊ-ի աշխատակազմ` չիմանալով, թե որտեղ կարող են գիշերն անցկացնել կամ ինչ անել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հայաստանյան ընտանիքներում կանանց նկատմամբ բռնության արատավոր դեպքերը հատկապես տարածված են մարզերում, ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, որտեղ ամփոփել է պաշտոնավարման 6 տարվա ընթացքում այդ ոլորտի ուղղությամբ կատարած աշխատանքները։
ՄԻՊ–ն ընդգծում է, որ կանանց իրավունքների պաշտպանությունը մշտապես եղել է իր անմիջական ուշադրության առարկան։
«Դեպքեր են եղել, երբ կինը բռնության է ենթարկվել, դիմել է ոստիկանություն, սակայն պարզվել է, որ այնտեղի ծառայողն ընկերական կամ մտերիմ հարաբերությունների մեջ է նրա ամուսնու հետ, ով բռնության է ենթարկել։ Ստացվում է, որ տվյալ ոստիկանն արդյունավետ քննություն տանելու փոխարեն գործը փորձում է փակել։ Լինում են դեպքեր, երբ կանայք գալիս են մեր աշխատակազմ` չիմանալով, թե որտեղ կարող են գիշերն անցկացնել կամ ինչ անել»,- պատմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Թաթոյանն օրինակներից մեկում ընդգծում է, որ դեպքեր են եղել, երբ ամուսինը բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ, ապա ծեծի ենթարկել երեխաներին, ինչից հետո բոլորին վտարել է տնից։ ՄԻՊ–ի աշխատակիցները նմանատիպ դեպքերում անմիջական կապ են պահպանում բարեգործական հիմնադրամների, պետական համապատասխան մարմինների հետ, ու միանգամից աշխատանքներ են սկսում` այդ կանանց ու երեխաներին օգնելու համար։
Շատ խնդիրներ կապված են կանանց վերաբերյալ կարծրատիպային մտածողության, աշխատանքային իրավունքների խախտումների, ընտանիքում բռնության դեպքերի, մարզերում առողջապահական ծառայությունների անհասանելիության և այլնի հետ: Նրա խոսքով` դրանք պահանջում են հրատապ լուծումներ։
Արսեն Թորոսյանը ՄԻՊ զեկույցի վերնագիրն անգամ չի ընթերցել. Արման Թաթոյան
Թաթոյանի ուշադրության ներքո են եղել նաև այն կանայք, ովքեր փակ հաստատություններում են գտնվել` քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում, տուն–ինտերնատներում։ Հատկապես ուշադրություն է դարձվել պահման պայմաններին։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ՀՀ մարզերում կանանց համար նաև դասընթացներ է կազմակերպել` բիզնեսում նրանց մասնակցությունն ավելի ակտիվ դարձնելու համար։
«Իմ աշխատանքային գործունեությունն ապացուցել է հստակ փաստ` որքան բարձր են պաշտպանված կնոջ իրավունքները հասարակությունում, այնքան բարձր է հասարակության առաջընթացը»,– ասում է Թաթոյանը։
Սահմանագծման, սահմանազատման հիմքում դրված են մարդու իրավունքի հարցերը. ՄԻՊ թեկնածու
Հիշեցնենք` հունվարի 27-ին էլ Թաթոյանը ներկայացրել էր ՄԻՊ–ի պաշտոնում իր գործունեության անհատական գործերով կատարած աշխատանքները և հայտնել, որ 2021 թվականին ստացել են 21181 դիմում, որոնք առնչվել են տարբեր ոլորտների` առողջապահական, սոցիալական, զինված ուժերի հետ կապված հարցեր։
Նշենք, որ հունվարի 24-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուին` ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։