«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ–ի միջև հուշագիր է ստորագրվել

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ հուշագիրը կմոտեցնի երկու երկրների տնտեսությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. «Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ–ի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր։ Տեղեկությունը հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։
Հուշագիրը ստորագրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի միջև։
Նշվում է, որ հուշագիրը ևս մեկ հիմնաքար կդառնա Հայաստանի և Աբու Դաբիի առևտրային հարաբերություններում, կնպաստի առկա կապերի ամրապնդմանը, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի երկու կողմերի համար։ Հուշագիրը կմոտեցնի երկու երկրների տնտեսությունները և նոր համատեղ նախագծերի հիմք կդառնա։
Ի դեպ, առաջիկայում կստեղծվի համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզ։
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի ազգային օրը, ելույթով հանդես է եկել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հավելենք, որ վեց ամիս տևողությամբ այս մեծամասշտաբ ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։