Արայիկ Հարությունյանի հրամանագրով ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստին (23 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ . Արխիվային լուսանկար
Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը կգլխավորի Արցախի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

«Ելնելով իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից` Արայիկ Հարությունյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր` ԱՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ:
Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում նախագահին ներկայացնել Արցախի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Հիշեցնենք, որ տարեվերջին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ՀՀ վարչապետը Սամվել Բաբայանի միջոցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիր է փորձել իրականացնել. ուզել են նախ տապալել բյուջեի ընդունումը, ապա Արցախի նախագահին անվստահություն հայտնել: Արդյունքում Արցախը կզրկվեր սուբյեկտայնությունից և այլևս նախագահ չէր կարողանա ընտրել: Սակայն Արայիկ Հարությունյանը տեղեկացել է այս դավադիր ծրագրի մասին, ընդդիմադիրների հետ խորհրդակցությունների արդյունքում հաջողվել է կանխել դրա առաջին մասը` բյուջեն ընդունվել է:
Հավելենք, որ ՀՀ–ում նույնպես հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը։ Խորհրդի նախագահը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է։