ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը» ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: Տեղեկությունը հայտնում է Hraparak.am-ը:
Հունվարի 26-ին էլ armlur.am-ը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է նախագահի թեկնածուին, և ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Սարգսյանի խոսքով՝ իրեն խոստացել էին, որ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Բայց այդ խոստումներն իրականություն չեն դարձել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչև այսօր` հուվարի 30–ը, Արմեն Սարգսյանն իր դիմումը հետ չի վերցրել։ Այսպիսով, վաղն ուժի մեջ կմտնի նախագահ Սարգսյանի հրաժարականի դիմումը: Մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը:
1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր:
1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահն է:
2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին: