2020-ի պատերազմի ժամանակ Արցախի Շուշիի շրջանի Հին Շեն գյուղը ոչ միայն առաջնագիծ դարձավ, այլև կարողացավ հերոսաբար դիմադրել թշնամուն ու փոխել նրա ծրագրերը։ Ադրբեջանաթուրքական զորքերը ի սկզբանէ նախատեսել էին հենց Հին Շենի տարածքով հասնել Շուշի, բայց քանի որ այստեղ նրանք հանդիպեցին անակնկալ ուժեղ դիմադրության, ստիպված եղան փոխել հարձակման ուղղությունը՝ դաշտում մեծ թվով սպանվածներ թողնելով։
Հին Շենը միջպետական ճանապարհից հեռու է։ Այստեղ հասնելու համար պիտի անցնես մի քանի սար ու ձոր ու հայտնվես բարձունքներով շրջապատված գյուղում։ Sputnik Արմենիայի էջերում ավելի վաղ մենք միասին եղել ենք Արցախի Մեծշեն համայնքում, հենց այդ գյուղի միջով էլ ճանապարհը տանում է Հին Շեն։
Հին պատմություն ունի Հին Շենը։ Ռուսական կայսրության ժամանակ ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում, խորհրդային տարիներին այն ստացել է Կիրով անվանումը։ Անկախությունից հետո գյուղը կրկին ստացել է ավանդական «Հին Շեն»-ը։
2020-ի պատերազմի ժամանակ թշնամին փորձել է մտնել գյուղ, բայց հետ է շպրտվել։ Նոյեմբերի 9-ի զինադադարի փաստաթղթով ադրբեջանական զինված խմբերը կանգնել են գյուղի հարակից բարձունքում՝ թիրախի տակ պահելով ինչպես գյուղի բնակիչների տները, այնպես էլ պատմական նշանակություն ունեցող հուշարձանները։
Հին Շենի մուտքի մոտ հիմա ռուսական խաղաղապահ զորքերի հենակետ կա։ Անձնագրով են թույլ տալիս անցնել։ Այստեղ մեզ դիմավորում է համայնքի ղեկավարը, ով գրեթե միշտ կանգնած է ճանապարհին և ուշադիր հսկում է, թե ով է մոտենում Հին Շենին, ինչպես են տեղաշարժվում մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կանգնած թշնամու զինվորները։ Գյուղապետ Սամվել Սարգսյանը տեղեկացնում է, որ գյուղից շատերն են հեռացել՝ մտածելով իրենց անվտանգության մասին։ Մինչև պատերազմն այստեղ ապրել է մոտ 200 մարդ, հիմա մշտական բնակիչների թիվը չի գերազանցում 100-ը։
Գյուղապետ Սամվել Սարգսյանը
© Photo : provided by Nairi Hokhikyan
«Չվիրավորվելու, չզոհվելու համար իրենց երեխաներին տեղափոխել են ավելի անվտանգ վայրեր, հատկապես Հայաստանի Հանրապետություն, պատերազմից հետո նրանք հետ չեն եկել, մենք էլ չենք կարող պարտադրել, որ գան։ Չեմ մեղադրում, բայց առիթից օգտվելով՝ ուզում եմ խնդրել, որ վերադառնան մեր համագյուղացիները»,-ասում է գյուղապետը՝ նշելով, որ հետպատերազմական դժվարություններն իրենք հաղթահարում են ու աչալուրջ են թշնամու տեղաշարժի նկատմամբ։
Սամվել Սարգսյանին հարցնում եմ վերջին շրջանում առավել հաճախակի դարձած Քաշաթաղի կամ Լաչինի միջանցքի ճանապարհը փոխելու խոսակցությունների իսկության մասին։
«Ադրբեջանցիներն են եկել, նաև մեր կառավարության ու ռուսական կողմի ներկայացուցիչներն են եկել այս հատվածով ճանապարհ կառուցելու նպատակահարմարության մասին խոսելու։ Հասկանում ենք, որ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ պայմանագրով եթե Բերձորը հանձնվի թշնամուն, ապա այստեղով անցնող ճանապարհը կլինի միակ ապահով ուղին»,-մատնանշում է Սամվել Սարգսյանը։
Հին Շենի դպրոցի տնօրեն Կարեն Բարսեղյանը պատմում է երկու սերունդների միջև կապի մասին։ Այն ամենը, ինչի միջով անցել են ավագները, հենց ավագների կողմից էլ ներկայացվում է կրտսերներին։ Դպրոցականների համար կազմակերպվում են առանձին դասեր հայրենիքի հենց այս հատվածի մասին։
Հին Շեն
© Photo : provided by Nairi Hokhikyan
Բերդաձորի ենթաշրջանը առաջին պատերազմում առանցքային դեր խաղաց Արցախի ազատագրման, Հայաստանին միանալու գործում։
Թշնամուն 1990-ականներին հաջողվել էր գրավել Բերդաձորի ենթաշրջանը, այդ թվում՝ Հին Շեն գյուղը, բայց կամավորական համառ պայքարի շնորհիվ հնարավոր եղավ 1992-ի մայիսին ազատագրել ամբողջ շրջանն ու ստեղծել Արցախի ցամաքային կապը մայր հայրենիքի հետ։ Գյուղերի ազատագրումից հետո այստեղ սկսեցին ապրել ոչ միայն տեղացիները, այլև վերաբնակներ Հայաստանի տարբեր վայրերից։
2016-ի Քառօրյայի ու 2020-ի պատերազմի ժամանակ, սակայն, առաջին արտագաղթողները հենց վերաբնակները եղան՝ թողնելով իրենց տներն ու շտապելով անվտանգ վայրեր։ Նախնիների հողը կրկին մինչև վերջ պահեցին տեղաբնիկները, այս դեպքում՝ բնիկ հինշենցիները։ Դպրոցի տնօրեն Կարեն Բարսեղյանը պատմում է գյուղը լքածների մասին։
«Պատերազմի ժամանակ գյուղն առաջինը լքել են Հայաստանից եկած վերաբնակիչները։ Մարդիկ կային, որոնք 10 տարուց ավելի այստեղ էին, բայց գնացին ու չվերադարձան։ Այս գյուղում ապրողները հիմնականում բնիկ արցախցիներ են, այդ թվում՝ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ այստեղ հաստատված մի քանի ընտանիքներ»,-ասում է դպրոցի տնօրենը։
Անգին Սարգսյան
© Photo : provided by Nairi Hokhikyan
Այդ պահին հանդիպում ենք 2016-ին Թալիշից Հին Շեն տեղափոխված Անգին Սարգսյանին։ Կինը պատմում է, որ 6 տարի առաջ ստիպված եղան լքել իրենց տները, գալ այստեղ, այս անգամ էլ մտավախություն ունեին, որ ստիպված կլինեն հեռանալ, բայց այս անգամ հնարավոր եղավ պահել գյուղը։ Թուրքը չի մտնելու այս գյուղ, պնդում է տիկին Անգինը։
Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը հրաժեշտի ժամանակ խնդրում է տեղեկացնել մարդկանց՝ համայնքում բնակելի տներ կան, լավ պայմաններ են ստեղծված ապրելու համար։ Հատկապես Հադրութից ու Շուշիից տեղահանված արցախցիները կարող են Հին Շենում գտնել իրենց երկրորդ տունը՝ մինչև հարազատ բնակավայրերի ազատագրումը։