ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ Ռուսական «Բայկալ» թեթև ինքնաթիռի առաջին թռիչքը տեղի է ունեցել Սվերդլովսկի մարզում։ Տեղեկությունը հայտնել Է ՌԴ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը։
«Բայկալը» բազմանպատակային ինքնաթիռ է։
Ինչպես տեղեկացնում է ՌԴ արդյունաբերության նախարարության կայքէջը, ինքնաթիռը թռիչքն իրականացրել է Եկատերինբուրգի (Արամիլ) օդանավակայանից։ Թռիչքն ընթացել է 500 մետր բարձրության վրա և տևել է մոտ 25 րոպե։ Այն ղեկավարել է առաջին դասի փորձարկող օդաչու Վալենտին Լավրենտևը:
ЛМЗ-901 «Բայկալը» մշակվել է «Բայկալ-Ինժինիրինգ» ընկերության կողմից: Այն պետք է փոխարինի հնացած «կուկուրուզնիկ» Ан-2-ին։ Ինքնաթիռի սերիական թողարկումը նախատեսվում է 2024 թվականից։
Ինքնաթիռը կարող է ժամում մինչև 300 կիլոմետր արագություն զարգացնել։
Թռիչքի առավելագույն հեռավորությունը, ինչպես նախատեսվում է, կհասնի 3 հազար կիլոմետրի, իսկ մինչև 2 տոննա բեռնված լինելու դեպքում՝ մոտ 1500 կմ։