Եթե մեր տարածաշրջանի ապաշրջափակման պայմաններում սկսեն գործել երկաթուղիները, ապա այդ հանգամանքը չպետք է որևէ պարագայում անդրադառնա «Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու շինարարության վրա, քանզի իրանական կողմը հենց այդ մայրուղին է դիտարկում որպես իր կողմից առաջ մղվող, Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցի ամենակարևոր բաղադրիչներից մեկը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով տարածաշրջանային ապաշրջափակման մասին, նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ակնհայտ է, որ մյուս կողմից էլ դա ուղերձ է նաև ադրբեջանական կողմին, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքի մարզը։ Եթե հավելենք, որ Իրանը պատրաստվում է նաև Կապանում հյուպատոսություն բացել և դիվանագիտական փաստացի ու մշտական ներկայություն ունենալ տվյալ մարզում, ապա Հայաստանում նույնպես պետք է նկատի ունենան իրանական կողմի տրամադրություններըև որևէ փորձ չանեն Պարսից ծոց–Սև ծով միջանցքը տեղափոխելու համար»,– նշեց իրանագետը։
Ոսկանյանի դիտարկմամբ` Իրանը կողմնակից է Հայաստանի հետ ուղիղ ցամաքային հաղորդակցության, ինչը պետք է իրականացվի Սյունիքով։ Այդ դեպքում մեր երկիրը կստանա նշանակալի տնտեսական օգուտներ և Իրանը նույնպես շահագրգռված կլինի Սյունիքի անվտանգությամբ, որտեղով իրականացվելու է միջազգային տարանցումը։
«Եթե ասվածին գումարենք, որ կա նաև հնդկական կողմի շահագրգռվածությունը, ապա «Հյուսիս–Հարավ» մայրուղին ներդաշնակվում է Հնդկաստանի խոշորածավալ ծրագրին, որովհետև հենց այդ ճանապարը կարող է կապել Հնդկաստանին ու Պարսից ծոցի երկրներին սևծովյան ավազանի պետությունների հետ` ապահովելով ելք դեպի Եվրոպա ու Ռուսաստանի Դաշնություն»,– ասաց իրանագետը։
Ոսկանյանի համոզմամբ` Մեղրիով երկաթգծի հաղորդակցության վերականգնման պայմանավորվածությունը, որով այդքան շահագրգռված է Բաքուն, միտված է բացառապես ապահովելու Ադրբեջանի կապը Նախիջևանի և Թուրքիայի հետ, հետևաբար Ջուլֆա - Ջուղա - Երասխ ուղղությունն Իրանի համար ունի երկրորդական նշանակություն, քանի որ այդ երկիրը նախիջևանյան հատվածը որևէ կերպ չի դիտարկում որպես Պարսից ծոց–Սև ծով միջանցքի բաղադրիչ և չի ցանկանում Սյունիքը դուրս թողնել գործընթացներից։
Նշենք, որ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերջերս արձանագրել է, որ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային հանգույցի իրանական ծրագրում պաշտոնական Թեհրանը որպես տարանցման հիմնական ուղի դիտարկում է ոչ թե Ջուլֆա (Իրան) - Ջուղա (Նախիջևան) - Երասխ (Հայաստան) երկաթգիծը, այլ հենց Սյունիքի մարզով անցնելիք «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին։
Իրանցի դիվանագետը հիշեցրել է, որ նույնիսկ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման դեպքում առաջարկվող երկաթուղային տարբերակները չեն կարող պատճառ դառնալ անտեսելու Հայաստանի Սյունիքի մարզով անցնող և Երևան-Թեհրան ուղիղ ցամաքային հաղորդակցությունն ապահովող ճանապարհի կարևորությունը։