ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ Այսօր գիշերը սպանություն է տեղի ունեցել ՀՀ մայրաքաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 01:20–ի սահմաններում Համալսարանական թիվ 1 հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ դանակով հասցված բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ քաղաքացի է տեղափոխվել:
Իրավապահները պարզել են, որ նա Կոտայքի մարզի բնակիչ, ազգությամբ վրացի 35-ամյա Ումրի Շ.-ն է, ում դանակով մոտ 8 հարված է հասցվել։ 35-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է։ Բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ տուժածի մարմնում եղել է դանակի կոտրված սայրը։
Ոստիկանները պարզել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկի հարևանությամբ գործող ծաղկի սրահի մոտից:
Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է գայլի գլխով, արնանման հետքերով կոտրված դանակ, իսկ ծաղկի սրահի դիմաց արնանման հետքեր են եղել:
Սպանությունից ժամեր անց Երևանի Մյասնիկյան պողոտայում գործող հյուրանոցային համալիրներից մեկում ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին և նրան բերման ենթարկել։ Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 30-ամյա Ա. Հարությունյանն է, որը սպանվածի հետ միասին աշխատում էր ծաղկի սրահում։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածով (սպանություն)։ 30-ամյա տղամարդը ձերբակալված է։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։