ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ Եգիպտոսի պետական անվտանգության բարձրագույն դատարանը մահապատժի Է դատապարտել ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ մեղադրվող 10 մարդու։ Տեղեկությունը հաղորդում Է եգիպտական MENA լրատվական գործակալությունը:
«Նրանք մեղադրվում են ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումների համար զինված խմբավորումներ ստեղծելու, ինչպես նաև հասարակական օբյեկտների, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերի և տրանսֆորմատորների ոչնչացման մեջ»,- գրում է գործակալությունը։
Նշենք, որ 2015 թվականի հունիսին նախկին գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթը մեղադրյալների գործերը փոխանցել էր քրեական դատարան։ Ընդհանուր առմամբ գործով անցել է 127 մարդ, որոնց մի մասը հետախուզման մեջ է։
Գլխավոր դատախազության հետաքննության ընթացքում պարզվել է, որ «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական կազմակերպության պարագլուխները Եգիպտոսում գործող իշխանությունը տապալելու ծրագիր են մշակել՝ գտնվելով բանտում: Ազատության մեջ մնացած համախոհները երկրի տարբեր հատվածներում հատուկ խորհուրդներ են ձևավորել, որոնք իրենց հերթին պատասխանատու էին զինված խմբավորումների կազմակերպմամբ։