Արթուր Դալալոյանը որոշել է ավարտե՞լ կարիերան. մարզիչն արձագանքել է այդ լուրին

Հայտնի մարմնամարզիկի գրառումը սոցցանցում շփոթմունքի մեջ է գցել սպորտի սիրահարներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի- Sputnik. Մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանն ակնարկել է մարզական կարիերան ավարտելու մասին: Ինչպես Instagram-ի իր էջում նշել է տիտղոսակիր մարզիկը, պետք է որոշում կայացնել, չէ որ երկու աթոռի վրա նստել չես կարող։
Արթուրի խոսքով ՝ սպորտն իրեն «թռիչքի» անհավանական զգացողություն է նվիրել։
«Անմոռանալի տարիներ էին։ Բայց, հավանաբար, ժամանակն է վայրէջք կատարել: Հավանաբար, ժամանակն է մտածել ոչ միայն իմ մասին. իմ կյանքի իմաստը, իմ հոգին, իմ տիեզերքն իմ ընտանիքն է: Ընտանիքն`առաջին տեղում... Ուզում եմ նվիրվել նրանց», - նշել է Դալալոյանը։
Մինչդեռ, սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Ռոդիոնենկոն արդեն արձագանքել է Արթուրի վերաբերյալ մամուլի հարցերին:
ՌԻԱ Նովոստիի համար արված մեկնաբանությունում նա հերքել է լուրերն այն մասին, որ Դալալոյանն ավարտել է մարզական կարիերան: Իսկ սոցցանցի գրառումը բացատրել է ավելորդ զգացմունքայնությամբ ու ընտանիքում հնարավոր խնդիրներով։
«Գուցե ընտանեկան խնդիրներ կան. նա շատ զգացմունքային է։ Ինչ է հիմա, յուրաքանչյուր գրառմանը պետք է այսպե՞ս արձագանքեք։ Օլիմպիական չեմպիոններին այդպես չեն դաստիարակում։ Թող ինքը բացատրի, թե ինչն ինչոց է», - ասել է Ռոդիոնենկոն։
«Ի՜նչ լավն ես». օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը մանկությունից լուսանկար է հրապարակել
Հայազգի 25 – ամյա մարզիկը, որը ներկայացնում է Ռուսաստանը, Տոկիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն է: Նա աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն է։