ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի –Sputnik․ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի օրակարգ է մտել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
«Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հայտնեց շատ սպասված ու լավ լուր։ Արցախի Հանրապետության ԱԺ-ի խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ»,- գրել է Պողոսյանը։
Նա հույս է հայտնել, որ ԱՀ ԱԺ փետրվարի 16-ի նիստում օրենքը կընդունվի առաջին ընթերցմամբ, իսկ արդեն փետրվարի 20-ին՝ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջապես։
«Հուսամ` փետրվարի 13-ի խորհրդով Միացում շարժման 34-րդ տարեդարձը կամրագրվի համայն հայության միասնությանը միտված գործողություններով»,- ավելացրել է Պողոսյանը։
Նա ընդգծել է, որ Արցախի Խորհրդարանի այս նախաձեռնությանն անհրաժեշտ է օժանդակել, մասնավորապես՝ տեղեկատվական դաշտում ճիշտ շեշտադրումներ անելով։
Նշենք, որ Թևան Պողոսյանն իր հանրային ելույթներում բազմիցս շեշտել է նման օրենքի ընդունման կարևորությունը։ Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հայտնել էր, որ դեռ 2021թ․ մարտ-ապրիլ ամիսներին ինքն անձամբ է Արցախի Հանրապետությանն առաջարկել, որ ԱԺ-ն ադրբեջանական օկուպացիայի մասին օրենք ընդունի, որում իրավական գնահատականներ կլինեն ինչպես փախստականների, տեղահանվածների, այնպես էլ օկուպացված տարածքների վերաբերյալ։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։